Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ի կողմից հատկացվող օգնության հարցը, ի թիվս այլ խնդիրների, այս շաբաթ քննարկվելու է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի պետական, արտաքին գործողությունների եւ համապատասխան ծրագրերի ենթահանձնաժողովի նիստում։ Նրանք սկսելու են կազմել 2016թ. ֆինանսական տարվա պետական բյուջեի օրինագիծը։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից, օրինագծի տեքստը, նախկինի պես, անհասանելի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ենթահանձնաժողովը չի քննարկել այն։ Այս չորեքշաբթի կայանալիք քվեարկությունից առաջ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ-ում բնակվող հայերին եւ Հայաստանի բարեկամներին կապ հաստատել իրենց օրենսդիրների հետ եւ աջակցել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին  հատկացվող օգնության առաջնայնությունը։

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ձգտում է առնվազն 5 մլն դոլար օգնություն ստանալ Լեռնային Ղարաբաղի զարգացման համար եւ առնվազն 40 մլն դոլար՝ Հայաստանի տնտեսական օգնության համար, ինչպես նաեւ հասնել նրան, որպեսզի Ադրբեջանին ռազմական օգնություն չցուցաբերվի այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերին՝ հետ քաշել դիպուկահարներին, վերջ դնել ագրեսիային, հրաժարվել բռնությունից եւ պարտավորություն ստանձնել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։

Բացի այդ, Հայ դատի հանձնախումբը ուշադրություն է հրավիրում Սիրիայի հայկական, ասորական համայնքներին հատկացվող օգնության վրա, ինչպես նաեւ խնդրում է օգնել Հայաստանին հազարավոր սիրիահայ փախստականներին ընդունելու գործում։ Կազմակերպությունը նաեւ պահանջում է, որպեսզի Վրաստանին  հատկացվող օգնության առնվազն 10 տոկոսը օգտագործվի Ջավախքում աշխատատեղեր բացելու համար։