Բելգիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունից հեռացված թուրք կին պատգամավոր Մահինուր Օզդեմիրին աջակցելու համար Ստամբուլում Բելգիայի հյուպատոսության առաջ բողոքի ցույց են կազմակերպել թուրքական մի քանի ՀԿ-ներ։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլում Բելգիայի հյուպատոսության մոտ հավաքված ՀԿ-ների ներկայացուցիչները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստր՝ Սումեյե Էրդողանի գլխավորությամբ բողոքել են Բելգիայի «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցության կողմից Մահինուր Օզդեմիրի հեռացման որոշումը։

Հայոց ցեղասպանության ժխտման համար հեռացված թուրք պատգամավորի համար հավաքվածները կոչ են արել Մահինուր Օզդեմիրին չընկճվել եւ ձիգ կանգնել, քանի որ Թուրքիան իր հետ է։

Բողոքի հավաքի ընթացքում Էրդողանի դուստրը հանդիպել է Ստամբուլում Բելգիայի հյուպատոսի հետ եւ խնդրել իրենց պահանջները հասցնել Բելգիայի իշխանություններին եւ Մահինուր Օզդեմիրին հեռացրած կուսակցությանը։

Հիշեցնենք, որ Բելգիայում «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունն իր շարքերից հեռացրել է ազգությամբ թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու համար: Ավելի վաղ կուսակցության ղեկավար Բենուա Լյուտժենը հայտարարել էր, որ եթե կուսակցությունում կան ժխտողներ, նրանց անհապաղ կվռնդեն: