Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր  հանդիպում է ունեցել  Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ:

Ողջունելով Հովիկ Աբրահամյանին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում՝ Յան Համաչեկն արձանագրել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը  եւ  կարեւորել  Հայաստանի  վարչապետի պաշտոնական  այցը Չեխիա` հայ-չեխական կապերն էլ ավելի խորացնելու եւ տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու առումով:  Հայ-չեխական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման առումով բարձր է գնահատվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չեխիա: Պատգամավորների պալատի նախագահը, կարեւորելով միջխորհրդարանական կապերի խորացումը,  անհրաժեշտ է համարել  համագործակցության հետագա զարգացումը նաեւ տնտեսության ոլորտում: Յան Համաչեկը կարեւոր է համարել փոխգործակցության խորացումն Արեւելյան գործընկերության շրջանակում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունները եւ քաղաքական երկխոսությունն ակտիվացել են, որոնք նշանավորվել են բարձրաստիճան տարբեր փոխայցելություններով եւ հանդիպումներով: Նա  կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ հայ-չեխական միջխորհրդարանական համագործակցությունը:

Վարչապետ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել առեւտրատնտեսական կապերի հետագա ակտիվացումը եւ զարգացումը: Նա նշել է, որ Չեխիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը եւ կարեւորել է Արեւելյան գործընկերության շրջանակում, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցության այլ ձեւաչափերում փոխգործակցության խորացումը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին Չեխիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի պատվիրակության մասնակցությունը եւ շնորհակալություն հայտնել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւն ընդունելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ շեշտել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում,  խաղաղ բանակցությունների արդյունքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, երկուստեք կարեւորվել է միջազգային հարթակներում փոխգործակցությունը:

Հանդիպումից  հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Պրահայի Սենովաժնե հրապարակում ծաղկեպսակ է դրել հայ-չեխական բարեկամությունը խորհրդանշող խաչքարին: