Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ իր դիրքորոշման մասին կարող է հայտարարել հունիսի 9-10-ը։ Այս մասին հունիսի 3-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց հանձնաժողովի պետ Ռոբերտ Նազարյանը։
Նա նշեց, որ այս պահին կոնկրետ ոչինչ չի կարող ասել, բայց որոշ գործոններից ելնելով՝ առաջիկա թանկացումը ակնհայտ է։ Սակայն թանկացման չափի մասին նույնպես վաղ է որեւէ բան ասել։
«Այդ գործոններից մեկը դոլարի նկատմամբ հայկական ազգային արժույթի փոխարժեքն է։ 2014թ., երբ սակագինը բարձրացվեց 10-12 տոկոսով, հաշվարկը արվել էր մեկ դոլարը 407.6 դրամ փոխարժեքով, իսկ հիմա այն հասել է 480-481 դրամի։ Փոխարժեքն ազդել է միջուկային էներգիայի արժեքի վրա։
Մյուս գործոնը գետերի ջրի մակարդակն է, որը 2014թ. անբարենպաստ էր հիդրոէներգետիկայի համար»,- հավելեց Նազարյանը։
Նշենք, որ 2015թ. նման չոր կլիմա չի սպասվում, իսկ ջերմակայանների գազի գնի հարցում ռուսական կողմը հայտարարել է զիջումների մասին։ Այդ հայտարարությունն արել էր «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը ապրիլի 29-ին «Ռոսիա 24»-ի եթերում։





























