Հունաստանը պետք է լքի եվրոգոտին, եթե չկատարի պարտավորությունները: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ZDF հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը:

Հույն քաղաքական գործիչները մայիսի վերջին հայտարարում էին, որ Աթենքն ունակ չէ հերթական տրանշը փոխանցել Արժույթի միջազգային հիմնադրամին: 300 մլն եվրոյի չափով վճարման ժամկետը մինչեւ հունիսի 5-ն է:

Հունիսի 5-19-ն ընկած ժամանակահատվածում երկիրը պետք է ԱՄՀ-ին վճարի 1,6 մլրդ եվրո:

Երկուշաբթի Բեռլինում փակ դռների հետեւում բանակցություններ են վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ինչպես նաեւ Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագան ու ԱՄՀ-ի ղեկավար Քրիսթին Լագարդը:

Աղբյուրների տեղեկատվությամբ, հանդիպմանը քննարկվել է Հունաստանին օգնության նոր փաթեթի վերաբերյալ վերջնական առաջարկը, որը թույլ կտա Աթենքին մնալ եվրոգոտում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Եթե Հունաստանը չկատարի դա, ապա ես միանշանակ ասում եմ՝ Հունաստանը պետք է լքի եվրոգոտին»,-հայտարարել է Լամբսդորֆը:

Նրա խոսքով, եթե Հունաստանի եվրոգոտուց դուրս գալը տեղի ունեցած լիներ մի քանի տարի առաջ, դա «կարող էր աղետ լինել, քանի որ կազդեր նաեւ Իսպանիայի, Պորտուգալիայի, Իռլանդիայի վրա», սակայն ներկայումս այդ երկրները կատարեցին անհրաժեշտ բարեփոխումներ՝ ուղղված իրենց տնտեսությունների ամրապնդմանը: Հունաստանի ներկայությունը, որը չի կարողանում փակել իր պարտքերը, վնասում է եվրոպական արժույթի գոտուն: