Արարատի մարզպետարանի առողջապահության վարչությունը հետեւում է «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ մարտի 14-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործի նախաքննությանը: Այս մասին NEWS.am-ին հարցմանն ի պատասխան ասել է վարչության պետ Հայկ Բադալյանը:
Դիտարկմանը, թե ըստ բժշկական փորձաքննության՝ շտապօգնության վարորդը եղել է ոչ սթափ վիճակում, Հայկ Բադալյանը պատասխանել է. «Վարչությունը հետեւում է նախաքննության ընթացքին այնքանով, որքանով նախաքննական մարմինը կտրամադրի տեղեկատվություն: Առայժմ նման պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրվել: «Շտապօգնության» վարորդները հերթափոխն ընդունելիս պարտադիր անցնում են բուժզննում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մահվան ելքով ավտովթար է գրանցվել Արարատի մարզում: 2015թ. մարտի 14-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել վթար։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ բախվել են շտապօգնության ծառայության «Ֆորդ» մակնիշի 339 UL 25 պ/հ եւ «ԳԱԶել» մակնիշի 15 US 247 պ/հ ավտոմեքենաները:
Շտապօգնության «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ 57-ամյա Հ. Կ.-ին, բուժքույր 29-ամյա Խ. Մ.-ին, բժիշկ 55-ամյա Լ. Հ.-ին, եւ 27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանին, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից` ուղեւոր 20-ամյա Ռ. Գ.-ին, որոնք տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:
27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ մարտի 16-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:





























