«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչների շենքի շինարարությունը կրկին հետաձգվել է. «Արցախբանկի» ներկայացուցիչների խոսքով՝ այն կվերսկսվի հունիսի վերջին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունիսի 3-ին, ասաց խաբված բնակիչներից Աննա Մկրտչյանը:
«Արդեն զզվել ենք էս վիճակից: Ամեն ամիս խաբում են, մարտի սկզբից պետք է սկսեին շենքի շինարարությունը, բայց դեռ ոչինչ չեն արել»,-դժգոհեց Աննա Մկրտչյանը:
Աննան նշեց, որ դեռ իրենց հետագա քայլերը չեն քննարկել եւ չգիտի՝ բողոքի ակցիաներ կանցկացնեն, թե ոչ:
Հիշեցնենք, որ ըստ ձեռք բերված համաձայնության՝ Դավիթաշեն թաղամասի շենքի բնակիչները յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ավելացնելու են 80 դոլար, իսկ Փափազյանի բնակիչները՝ 150 դոլար։
Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:





























