Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը  եռօրյա աշխատանքային այցով գտնվում  է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:

ԴԱՀԿ-ից հայտնում են, որ աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության` հունիսի 3-ին մեկնարկած 22-րդ կոնգրեսին, որը անցկացվում է  «Հարկադիր կատարող՝ կապը օրենքի եւ տնտեսության միջեւ. նոր մոտեցումներ հարկադրանքին» խորագրի ներքո:

Ըստ միջոցառման օրակարգի՝ ՀՀ գլխավոր  հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը  հանդես կգա  «Հասարակության իրազեկվածությունը հարկադիր կատարողի մասնագիտության վերաբերյալ» թեմայով ելույթով:

Կոնգրեսի շրջանակում նախատեսվում է Դատական կատարողների միջազգային միությանը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիիրավ անդամակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը, որը տեղի կունենա  հունիսի 5-ին: