ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը քննադատել է միջազգային իրավունքի կիրառման հարցում տիրող երկակի ստանդարտները:
Այսօր՝ հունիսի 3-ին, Երեւանում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժ-ամանակ սերբ նախարարը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում նախագահող Սերբիան երկխոսության է ձգտում, սակայն Կոսովոյի դեպքում բազմաթիվ հարցեր կան:
Նրա խոսքով Կոսովոն միակողմանիորեն իրեն անկախ է հռչակել՝ առանց Սերբիայի համաձայնության: «Այդ որոշումն ընդունվել է որոշ երկրների, հատկապես Արեւմուտքի երկրների կողմից: Հարց է ծագում՝ արդյոք միջազգային իրավունքը կախված է գերտերությունների աջակցությունից»,-նշել է Դաչիչը՝ հավելելով, որ չնայած դրան, առանցքային հարցերի շուրջ երկխոսություն, այդուհանդերձ, ընթանում է:
Միաժամանակ Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ Սերբիան կողմ է խնդիրը «չեզոք ճանապարհով» լուծելուն, սակայն ընդգծել է, որ Կոսովոն չի կարող պետություն ճանաչվել, քան դեռ նման որոշում չի կայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
«Սերբիան հաճախ է հայտնվել իրավիճակում, երբ հարցը կախված է եղել ոչ թե սկզբունքներից, այլ նրանից, թե ով է իրեն ավելի մոտ»,-հայտարարել է Դաչիչը: Ընդհանրացնելով ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների թեման, Դաչիչը հայտարարել է, որ յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է, եւ անհրաժեշտ է կոռուցողական ու արդար լինել: Նրա խոսքով, այդ իմաստով Հայաստանը կարող է հույս դնել Սերբիայի աջակցության վրա՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործող մեխանիզմների շրջանակներում:





























