Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոստացել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին իրավական պատասխանատվության ենթարկել, իսկ նրա փողերը վերադարձնել վրաց ժողովրդին:

«Միակ անձը, որը ստիպված է լինելու պատասխան տալ՝ Իվանիշվիլին է: Մինչ այդ ժամանակը նա բազմամիլիարդ ունեցվածք կդիզի: Ուկրաինայում ես սովորեցի, թե ինչպես պետք է վերադարձնել փախուստի դիմած օլիգարխների փողերը… Իվանիշվիլիի փողերը մենք կհավաքենք Զիմբաբվեից, Ռուսաստանից, Ամերիկայից, որքան էլ նա փորձի թաքցնել: Վնասը պետք է հաշվարկվի այն մարդկանց օրինակով, որոնք մնացել են առանց աշխատանքի, որոնք վնաս են կրել արժութային ճգնաժամի պատճառով եւ ոչ միայն»,-հայտարարել է Սահակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում:

Նախկին նախագահի խոսքով, «Իվանիշվիլին, պառկելով բազմոցին, ցուցումներ է տալիս ու կառավարում երկիրը, ֆորմալ առումով նա ոչ մի բանի համար պատասխանատու չէ, բայց իրավական առումով ստիպված կլինի պատասխան տալ»:

«Ես կգտնեմ Իվանիշվիլիի վերջին ցենտը եւ կվերադարձնեմ ժողովրդին»,-հավելել է Սահակաշվիլին: