«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը համոզված է, որ էլեկտրաէներգիայի թանկացման հայտը պայմանավորված է ՀԷՑ-ի վատ կառավարումով:
Այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում փորձագետը նշեց, որ ՀԷՑ-ի ղեկավարությունը ձախողել է ընկերության կառավարումը:
«ՀԷՑ-ի կատարած ծախսերը որ նայում ենք, այնտեղ աբսուրդի հասնող թվեր կան. 57 հազար դրամանոց ցեմենտ, 1500 դրամանոց մետաղալար եւ այլն: Պետք է պարզել՝ այդ թվերն իրական են, թե ոչ: Ամեն դեպքում եթե սակագինը բարձրանա, ՀԷՑ-ն էլի ձախողելու է կառավարումը, հաջորդ տարի նորից հայտ կներկայացնի»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար: Թեեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս որոշում չի կայացրել, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հունիսի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հոսանքը թանկանալու է:





























