Հունիսի 2-ի երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը Չեխիայում ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հովիկ Աբրահամյանը խոսել է Չեխիա կատարած պաշտոնական այցի արդյունքերի մասին՝ գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ համագործակցությունը զարգանում է փոխվստահության մթնոլորտում, ինչը հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման լավագույն գրավականն է: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զարգացնել փոխգործակցությունը տնտեսական, կրթամշակութային, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում։
Տնտեսական համագործակցության զարգացման եւ առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հարցում Հովիկ Աբրահամյանը կարեւոր դեր է վերապահել նաեւ չեխահայ համայնքին։ Վարչապետը վստահեցրել է, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին պատրաստ են ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրմանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն նոր հեռանկարներ է ստեղծում նաեւ եվրոպական գործարարների համար, ովքեր, օգտագործելով Հայաստանի հնարավորությունները, կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ միլիոնավոր սպառում ունեցող եվրասիական շուկա:
Վարչապետը կարեւորել է համախմբված, կազմակերպված համայնք ունենալու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր է կանխել լեզվամշակութային արժեքների կորուստը եւ Սփյուռքի նոր սերնդի մեջ արթուն պահել հայի ինքնությունը:
Իր խոսքում Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ նշել, որ Հայաստանը հավատարիմ է այդ սկզբունքին եւ բազմիցս ապացուցել է իր պատրաստակամությունը՝ հակամարտությունը լուծելու միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների միջոցով:
«Այս տարի ողջ հայությունը ոգեկոչեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն աշխարհի տարբեր անկյուններում: Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրն ամրագրված է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Մեր մոտեցումը հստակ է. Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը ոչ միայն հայության, այլեւ ամբողջ միջազգային հանրության խնդիր է, եւ 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ոճրագործության դատապարտումը ցեղասպանությունների կանխարգելման լավագույն երաշխիքն է», - նշել է Հայաստանի վարչապետը: Նա շնորհակալություն է հայտնել Չեխիայում ստեղծված «Ապրիլ 24» կոմիտեին՝ ապրիլյան միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Ամփոփելով խոսքը՝ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունները շարունակելու են ջանքեր գործադրել չեխահայ համայնքին սատար կանգնելու գործում:
Մոտ երեք ժամ տեւած հանդիպման ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ հայ համայնքին հուզող բազմաթիվ հարցերի:





























