Տարիներ առաջ այն ժամանակվա Հարկային տեսչությունը հետաքրքիր (եւ մինչեւ հիմա չտեսնված) գաղափար իրականացրեց: Հրապարակվեց Հայաստանի 300 խոշորագույն հարկատուների ցանկը՝ նրանց վճարած հարկերով:
Այնուհետեւ սենսացիոն ցանկն ընդլայնվեց՝ հասնելով 1.000 հարկատուի: Դրան ավելացան խոշորագույն գործատուների, խոշորագույն պարտադիր սոցիալական վճարումներ կատարողների եւ այլոց մասին հաշվետվությունը: Սակայն, ցավոք, հիմա այս ամենը սահմանափակվում է միայն 1.000 խոշորագույն հարկատուների ցանկով: Այսինքն՝ առաջընթացի փոխարեն հետընթաց է արձանագրվել:
Այժմ Ֆինանսների նախարարության կազմում գտնվող մաքսայինն ամեն եռամսյակ Հայաստանի արտաքին առեւտրի մասին տվյալներ էր ներկայացնում: Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցությունից հետո ապրանքաշրջանառության հաշվետվության կարգը զգալիորեն փոփոխվել է: Այդ պարտավորությունը, հավանաբար, խախտել է մեր մաքսավորների աշխատանքի սովորական ռիթմը: Ամեն դեպքում, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի մասին տեղեկատվության լիարժեք բացակայության այլ պատճառներ, կարծես, չկան:
Ամբողջական համակարգչայնացման դարում տեղեկատվության օպերատիվությունը պետք է բարձրանար: Սակայն, որքան էլ տարօրինակ է, այս ոլորտում ամեն ինչ ճիշտ հակառակն է:
Հին խորհրդային ժամանակներում, երբ համակարգիչներ չկային, Հայաստանի Կենտրոնական վիճակագրական վարչությունը երկրի տնտեսության վիճակի մասին օպերատիվ հաշվետվությունները հրապարակում էր հաջորդ ամսվա յուրաքանչյուր 12-րդ օրը: Ներկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալները հրապարակվում են յուրաքանչյուր ամսվա 20-րդ օրը:
Ասվածին հարկավոր է ավելացնել ընկերություններից տվյալների լիարժեք բացակայությունը (բացի առեւտրային բանկերից): «Կոմերցիոն գաղտնիք» անվան ներքո նրանք թաքցնում են ցանկացած տեղեկություն՝ շահույթից ու եկամուտից սկսած՝ մինչեւ աշխատակազմի թիվն ու աշխատավարձերի չափը: Հասկանալի է, որ այսպիսի բացթողումներով տնտեսության թափանցիկության մասին խոսելն անհնար է:



























