Վերահսկիչ պալատը քննարկել է առողջապահության եւ սոցիալական ծառայության ոլորտներում կատարված աշխատանքները:

Պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 2-3-ը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որին մասնակցել են ՎՊ առաջին ու չորրորդ վարչությունների աշխատակիցները եւ նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները:

Հունիսի 2-ին քննարկվել են` կապված ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված հետեւյալ թեմաների հետ`

• առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում,

• ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագիր,

• հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի շրջանակներում առողջապահական կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի նախապատրաստման համար ծրագիր:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հանձնարարել է աշխատել օպերատիվ վերահսկողության ռեժիմով: Պարոն Զաքարյանը եւս մեկ անգամ հատուկ շեշտել է գնումների ոլորտում վերահսկողություն իրականացնելիս Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) հիմնական սկզբունքներով առաջնորդվելու անհրաժեշտության մասին, այն է` «գին, որակ, հասցեականություն», որից հետո նոր միայն տալ արդյունավետության գնահատական:

Հատուկ ուշադրություն է դարձվել դեղերի ներմուծման, դրանց որակի, պետական բյուջեի միջոցներով ներկրված դեղերի հետ կապված խնդիրներին: Խորհրդակցության ընթացքում որոշվել է մի շարք կազմակերպություններում ստուգումներ անցկացնել` ճշտելու վերոհիշյալ հարցերի հետ կապված խնդիրները:

Հունիսի 3-ին քննարկվել են չորրորդ վարչության կողմից իրականացվող վերահսկողության նախնական արդյունքները` Սոցիալական ծառայության տարածքային գրասենյակների կատարած աշխատանքների վերաբերյալ: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հանձնարարել է ստացված տվյալները քննարկել տեղերում եւ դրանք բերել վերջնական տեսքի:

Առանձին քննարկման առարկա է եղել Սոցիալական ինտեգրման կենտրոնների հարցը: Պարոն Զաքարյանը հանձնարարել է ՎՊ խորհրդի անդամ Սոնա Ղարիբյանին հատուկ ուշադրության կենտրոնում պահել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով ստեղծված 19 Սոցիալական ծառայությունների ինտեգրված կենտրոնների արդյունավետության, ինչպես նաեւ նոր կենտրոններ ստեղծելու անհրաժեշտության հարցերը:

Իշխան Զաքարյանն իր դժգոհությունն է հայտնել նաեւ ՎՊ չորրորդ վարչության որոշ աշխատակիցների կատարած աշխատանքների վերաբերյալ եւ խիստ հանձնարարականներ տվել առկա թերությունները շտկելու ուղղությամբ: