Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 3-ի հրամանով՝ հունիսի 4–ից մինչեւ հունիսի 17-ը ստուգում կիրականացվի «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում՝ ընկության կողմից արտադրվող պաստերացված կաթի եւ մածունի համապատասխանությունը սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով ներկայացվող պահանջներին բացահայտելու նպատակով: Այդ մասին NEWS.am—ին հայտնեց ԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը։
Նշենք, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ «Մարիլայի» կողմից արտադրված պաստերացված կաթը ՄԱՖԱՄ եւ ԱՑԽՄ, իսկ մածունը՝ ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանում «Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներին: Այս մասին երեկ ահազանգ էր հնչեցվել նաեւ սոցիալական կայքերում:
Ստուգման արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:




























