Երեւանի համատիրությունները մեծ դժվարությունների կբախվեն, եթե շենքի ներսում ջրի կորուստները դրվեն նրա պատասխանատվության տակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը:
Ընկերության համար լավագույն տարբերակը կլինի իր ներկայությունը սահմանափակել տների դարպասների կամ շենքերի մուտքերի մոտ: Մնացածի համար պետք է պատասխան տան կա՛մ տանտերը, կա՛մ համատիրությունը: «Մենք հասկանում ենք, որ այստեղ առաջացած ջրի կորուստները նրանք չեն կարող ստանձնել: Բայց հիմա մենք դրանք մեզ վրա ենք վերցնում»,- հայտարարեց Գրիգորյանը:
Նա հիշեցրեց, որ փորձնական ծրագրի շրջանակում, որը մի քանի տարի առաջ անցկացվել է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում, ջրաչափերը տեղադրվել են շենքերի մուտքերում: Բնակարաններում հաշվիչների ցուցանիշների ընդհանուր տարբերությունը (նշանակում է՝ կորուստները) կազմել է շուրջ 50%: «Այդ ժամանակ մենք նաեւ բնակարաններում փոխեցինք հաշվիչները: Եվ տարբերությունն այդ 50%-ից հասավ 0-5%-ի: Ընդ որում, հաշվիչները փոխելուց բացի, ոչինչ չենք արել»,- նշեց «Երեւան ջուր» ընկերության ղեկավարը:
Նրա կարծիքով, ավելի ճիշտ կլիներ, որ պետությունն օպերատորի պատասխանատվությունը սահմանափակեր շենքի մուտքի կետով: Մնացածը պետք է լուծի համատիրությունը: Մյուս կողմից, օպերատորը պետք է ստանձնի ջրամատակարարման հաշվիչների պատասխանատվությունը՝ դրանց սպասարկման հետ միասին:
Նշենք, որ Հայաստանում ջրամատակարարման միասնական օպերատորին պետք է ընտրեն 2016 թվականի հունիսին: Ներկայում համակարգը բաժանված է 5 ընկերությունների միջեւ. «Երեւան ջուրը» 2006 թվականից գտնվում է ֆրանսիական «Veolie Generale des Eaux» ընկերության կառավարման ներքո, իսկ «Հայջրմուղկոյուղին» 2004 թվականից կառավարում է ֆրանսիական SAUR-ը: «Շիրակի ջրմուղկոյուղին», «Լոռու ջրմուղկոյուղին» եւ «Նոր Ակունքը» կառավարում են «MVV Decon», «MVV Energy» եւ «AEG Service» ընկերությունները:




























