Արագածոտնի մարզի Արտենի համայնքի բնակիչները որպես մայիսի 15-ի կարկուտի փոխհատուցում կառավարությունից 7 հակակարկտային կայան են պահանջում: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը:

«Քանի որ ամեն տարի բնակչությունը տուժում է կարկուտից, ցանկացանք, որ հակակարկտային կայաններ տեղադրվեն, որպեզի քիչ տուժենք կարկուտից»,-ասաց նա՝ նշելով, որ իրենց այդ պահանջը մարզպետարանից արդեն ներկայացրել են կառավարություն, սակայն պատասխան դեռ  չեն ստացել:

 Նշենք, որ Արագածոտնի մարզպետարանի ստեղծած հանձնաժողովի կողմից արդեն նախնական գնահատվել է մայիսի 15-ին տեղացած կարկուտի վնասի չափը՝ մոտ 60-80 տոկոսով վնասվել են ծիրանենու 160 հա այգիներ, 40-60 տոկոսով խաղողի 25 հա այգիներ:

Հիշեցնենք, որ  նախորդ տարի կարկուտի վնասները Արտենի համայնքում փոխհատուցվել են 3 հակակարկտային կայաններ տեղադրելով եւ հողի հարկի մասնակի փոխհատուցմամբ: