«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունիսի 2-ին առերեսման ժամանակ կալանավորը հարվածել է ՀՔԾ քննիչին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Կալանվոր Նարեկ Հարությունյանը  առերեսման ժամանակ բռունցքով հարվածել է ՀՔԾ քննիչի դեմքին` պատճառելով կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Կատարվում է նախաքննություն:

NEWS.am-ի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է դեռևս ամիսներ առաջ Հատուկ քննչական ծառայությունում քննվող ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով հարուցված քրեական գործին: ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ գողություն կատարելու կասկածանքով Նարեկ Հարությունյանին ու ընկերոջը ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ Ն. Խաչատրյանը խոստովանել էր գողությունն իր կողմից կատարելու հանգամանքը, իսկ ոստիկանները ծեծի էին ենթարկել իրեն ու ստիպել էին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնել գողությանը իր ընկերոջ մասնակցության վերաբերյալ: Նարեկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` գողություն,  որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: