Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 29-ին տեղի ունեցած միջադեպով քրեական գործ է հարուցվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ 26-ամյա ամբաստանյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Է. Կարապետյանի՝ մեղադրող դատախազ, Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Ռ. Արամյանին սպառնալիքներ, հայհոյանքներ հնչեցնելու, ինչպես նաեւ նրա ուղղությամբ ակնոց նետելու դեպքով գործ է հարուցվել ՔՕ-ի 347-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս հոդվածով սահմանվում է սպառնալիքը կամ բռնի գործողությունները, որը կատարվել է դատախազի, քննիչի, հետաքննություն կատարող անձի, պաշտպանի, փորձագետի կամ դատական ակտերի հարկադիր կատարողի կամ նրանց մերձավորի նկատմամբ կապված նախնական քննություն վարելու, գործը կամ նյութերը դատարանում քննելու կամ դատարանի դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը կատարելու հետ: Այս արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նշենք, որ նիստերից մեկի ժամանակ 26-ամյա ամբաստանյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Է. Կարապետյանը մեղադրական ճառից հետո վիրավորանքներ, սպառնալիքներ եւ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել մեղադրող դատախազ, Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Ռ. Արամյանի հասցեին, ակնոցը նետել վերջինիս վրա: Արարատի մարզի դատախազությունից դեպքի մասին ահազանգել են ոստիկանություն, կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ երիտասարդը կալանավորվել է 2013 թ. հունիսի 30-ին: Չի բացառվում, որ նրան նոր մեղադրանք առաջադրվի»:




























