Երեւանի Բեկնազարյան փողոցի սեփական տներից մեկում այսօր՝ հունիսի 4-ին, վերելակի արգելափակման հետեւանքով մահացու վնասվածք ստացած 5-ամյա աղջնակի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ հաշվի առնելով ծնողների հոգեբանական վիճակը՝ դեպքի վայրում հետաձգել են քննչական գործողությունների իրականացումը:

Նշենք, որ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանն ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ըստ նախնական կանխավարկածի՝ 5-ամյա փոքրիկը ոչ թե մնացել է վերելակի դռների արանքում, այլ արգելափակվել է երկրորդ եւ երրորդ հարկերի արանքում, ինչի հետեւանքով երեխան վնասվածք է ստացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում հունիսի 4-ին ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները 5-ամյա Լյուսի Բ.-ին դուրս են բերել վերելակից: Վերելակում են գտնվել նաեւ 7-ամյա  Մ. Բ.-ն եւ երեխայի դայակ Ն. Զ.-ն: Լյուսի Բ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ էլ մահացել է: