Եվրախորհրդարանում եւ Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական կազմակերպությունների դաշնությունում ԵՄ –Հայաստան բարեկամության խմբի նախաձեռնությամբ հունիսի 3-ին Եվրախորհրդարանում «Հակամարտությունները եւ ինքնորոշման իրավունքը» թեմայով քննարկում է ընթացել։
Քննարկումը կենտրոնացած էր ղարաբաղյան հակամարտության, դրա պատմական եւ իրավական կողմերի վրա՝ շեշտադրումը դնելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա։ Այս մասին հայտնում է Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական կազմակերպությունների դաշնության կայքը։
Եվրոպայի հայկական կազմակերպության նախագահ Գասպար Կարապետյանը բացել է քննարկումը, որին մասնակցել են ակադեմիական շրջանակների մի խումբ քաղաքական գործիչներ եւ պատվավոր հյուրեր։ Շնորհակալություն հայտնելով եվրախորհրդարանի անդամ, Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեոխարուսին եւ այլ ակնառու զեկուցողներին ու տարբեր երկրների հյուրերին՝ Կարապետյանը ընդգծեց, որ նման քննարկումները կարեւոր քայլ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար։
Բելգիայի թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանին քննարկմանը ներկայացնում էր Եվրամիությունում Հայաստանի առաքելության խորհրդական Մնացական Սաֆարյանը։ Դեսպանի անունից նա ասել է հետեւյալը. «Այս հարցում Եվրախորհրդարանի գործունեությունը, այսօրինակ լսումները, տարածաշրջան կատարվող այցերը եւ քննարկումները նպաստում են Եվրախորհրդարանում եւ եվրոպական կառույցներում տեղեկատվության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ Ղարաբաղի հիմնախնդիրը պահում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ դրանով իսկ ազդանշան տալով Ադրբեջանին, որ նա դադարի պատերազմ հրահրել եւ կենտրոնանա խաղաղ կարգավորման վրա»։
Եվրախորհրդարանի անդամ, դոկտոր Էլլենի Թեոխարուսը եղել է հիմնական զեկուցողը։ Նա մի շարք զուգահեռներ է անցկացրել Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների միջեւ։ «Այս պահին մենք Լեռնային Ղարաբաղի համար նման պայքար ենք տեսնում հայ ժողովրդի կողմից, որը պայքարում է ինքնորոշման իր իրավունքի համար, որպեսզի հասնի ազատության եւ դրանով իսկ կանխորոշի իր ապագան եւ իր ճակատագիրը։ Ինքնորոշման իրավունքը ամրագրված է ՄԱԿ Կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ կետով։ Դա ազատության առանցքային քարն է եւ խորհրդանիշ, որը ողջ աշխարհում մարդկանց ոգեշնչում եւ խրախուսում է իր ձեռքը վերցնել սեփական կյանքը»։





























