Կրասնոյարսկի դատարանը մայիսի 18-ին «Հայկական ահաբեկչությունը» գրքի օգտին վճիռ է կայացրել:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այդպիսով չեղյալ է հայտարարվել Կրասնոյարսկի Կենտրոնական շրջանային դատարանի՝ 2015 թվականի մարտի 5-ի վճիռը: Ռուսական դատական մարմիններն այլեւս չեն վերադառնալու այդ գրքի խնդրին:

«Հայկական ահաբեկչությունը» գիրք-ալբոմը, որի նպատակն ազգամիջյան վեճեր հրահրելն ու հայերի բացասական կերպար ստեղծելն է, 1992 թվականին տպագրել է «Ադրբեջան» հրատարակչությունը: Գրքի հեղինակներն են Ադրբեջանի հանգուցյալ գլխավոր դատախազ Իսմեթ Գաիբովը եւ «Ազերինֆորմ»-ի (ներկայում՝ ԱԶԵՐԹԱՋ) գլխավոր տնօրեն Ազադ Շարիֆովը: Գրքում բացահայտորեն կեղծված նյութեր եւ լուսանկարներ են օգտագործված:

2013 թվականի հոկտեմբերի 3-ին ՌԴ ԱԴԾ-ի Կրասնոյարսկի վարչությունից դատախազություն տեղեկություն էր ստացվել երկրամասի տարածքում «Հայկական ահաբեկչությունը» գրքի տարածման մասին: «Ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին» դաշնային օրենքի հիման վրա, Ռուսաստանի Դաշնության շահերը պաշտպանելու նպատակսով դատախազությունը դատարան հայց է ներկայացրել՝ այդ հրատարակությունը ծայրահեղական նյութ ճանաչելու մասին: Հայցը պահանջում է ոչ միայն արգելել գրքի տարածումը, այլեւ օգտագործել գրքում հրապարակված լուսանկարները: