Եթե Աշոտ Աղաբաբյանը որոշել է Ֆինանսների նախարարության ստուգումները բողոքարկել դատարանում, դա նրա իրավունքն է: Այս մասին հունիսի 4-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Աշոտ Աղաբաբյանին (ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտին կից առեւտրի կենտրոնի եւ «Դիլիջան» հանքային ջրերի գործարանի սեփականատեր - խմբ.) պատկանող ձեռնարկություններում Ֆիննախը մի քանի ստուգում է անցկացրել եւ խախտումներ բացահայտել: Նախարարի խոսքով, համապատասխան ընկերությունը վճարել է:
Նկատառմանը, որ Աղաբաբյանը հայտարարում է սնանկության վտանգավորության մասին, Խաչատրյանը պատասխանեց. «Խնդրում եմ չփոխել խոսակցությունը: Նա չի հայտարարել սնանկության մասին, այլ դատարան է դիմել: Դա նրա իրավունքն է»:





























