ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախկին ԲՀԿ անդամ Տիգրան Ուրիխանյանին չի հանել Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի կազմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը: Նա նշեց, որ լրատվամիջոցներում տարածված այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Մամուլի խոսնակը շեշտեց, որ ԱԺ նախագահն է որոշում, թե տվյալ հանձնաժողովի անդամներից ով պետք է մասնակցի այս կամ այն նիստին, աշխատանքային հանդիպմանը եւ այլն, դա չի որոշում կուսակցությունը: «Ես խորհուրդ եմ տալիս ԱԺ նախագահից պարզել, թե նա ինչ է պատասխանել պարոն Ուրիխանյանի հարցմանը: ԲՀԿ-ն Տիգրան Ուրիխանյանին հանելու վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չի կարող հայտնել, մենք ոչ մեկին չենք հանել, ոչ էլ փոխարինել ենք ուրիշներով»,- ասաց նա:
Վահան Բաբայանը նշեց, որ սովորաբար նստաշրջանին մասնակցության կամ աշխատանքային հանդիպումներին մասնակցելու համար մեկնում են հանձնաժողովի տարբեր անդամներ, դա որոշում է ԱԺ ղեկավարությունը, ոչ թե կուսակցությունները: Կուսակցություններն ընդամենը ներկայացնում են հանձնաժողովում իրենց անդամներին, սակայն ԲՀԿ խոսնակը վստահեցրեց, որ իրենք որեւէ բան չեն փոխել:
Թե ինչ է պատասխանել ԱԺ նախագահը Տիգրան Ուրիխանյանին, փորձեցինք ճշտել ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից: Նա NEWS.am-ին փոխանցեց, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրությանը պատասխանել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: «Պատասխանում մասնավորապես ասվել է, որ ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ Ազգային ժողովի 34 պատգամավորներ: ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագրծակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 26-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի հունիսի 3-7-ը Ռուսաստանի Դաշնություն կմեկնեն ՀՀ Ազգային ժողովի 13 պատգամավորներ: Պատգամավորին հասցեագրված պատասխան գրությամբ հայտնվել է նաև, որ հաշվի առնելով այն, որ Տիգրան Ուրիխանյանը մասնակցել է 2014 թ. հունիսի 4-7-ը Ռուսաստանի Դաշնությունում անցկացված նախորդ՝ 24-րդ նիստի աշխատանքներին, և նաև այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից 26-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար այլ թեկնածություններ են առաջարկվել՝ ՀՀ ԱԺ նախագահը Տիգրան Ուրիխանյանին չի ընդգրկել ՌԴ մեկնող պատվիրակության կազմում»,-հայտնեց Արսեն Բաբայանը:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, հակառակ խոստումին, Տիգրան Ուրիխանյանին հանել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի կազմից։ Ինչին հաջորդեց ԲՀԿ-ի վրդովված արձագանքը՝ նման բան չկա։ Երեկ երեկոյան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է Տիգրան Ուրիխանյանի 3 շաբաթ առաջ գրած հարցումին ու հաստատել մեր տեղեկությունը, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունից նրան դուրս է մղել ԲՀԿ խմբակցության ղեկավարը: Գրիգորիչը պատասխանել է, որ թեկնածուներին ներկայացրել է խմբակցության ղեկավարը, ինքն ընդամենը հաստատել է:





























