Երեւանում հունիսի 4-ին 5-ամյա փոքրիկը մահացու վնասվածքը ստացել է վերելակի շարժման ընթացքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների եւ ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը։

«Վերելակի շահագործման ժամանակ է տեղի ունեցել դժբախտ դեպքը։ Երեխան խցիկի շարժման ընթացքում մնացել է երկրորդ եւ երրորդ հարկերի արանքում եւ մարմնական վնասվածքներ է ստացել»,- ասաց նա։

Լուսինե Հովհաննիսյանի խոսքով՝ տվյալ վերելակը չի համարվում արտադրական վտանգավոր օբյեկտ եւ ենթակա չէ ամենամյա փորձաքննության, ավելին այն մարդկանց տեղափոխման համար չի եղել։

«Այդ վերելակը շահագործվել է՝ առանց դռների, դա կոպիտ խախտում է։ Եթե մարդկանց տեղափոխման համար է վերելակը, ապա այն պարտադիր պետք է դռներ ունենա»։

Մասնագետի խոսքով՝ այժմ պետք է պարզել, թե ով է այդ վերելակը տեղադրել եւ ինչ նպատակով է այն շահագործվել։

Նշենք, որ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը դեպքից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ըստ նախնական կանխավարկածի՝ 5-ամյա փոքրիկը ոչ թե մնացել է վերելակի դռների արանքում, այլ արգելափակվել է երկրորդ եւ երրորդ հարկերի արանքում, ինչի հետեւանքով երեխան վնասվածք է ստացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում հունիսի 4-ին ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 սեփական տան վերելակի դռների արանքում: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները 5-ամյա Լյուսի Բ.-ին դուրս են բերել վերելակից: Վերելակում են գտնվել նաեւ 7-ամյա  Մ. Բ.-ն եւ երեխայի դայակ Ն. Զ.-ն: Լյուսի Բ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ էլ մահացել է:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։