Երեւանում հունիսի 4-ին վերելակի շահագործման ընթացքում երկրորդ եւ երրորդ հարկում արգելափակվելու հետեւանքով մահացած 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների եւ ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ իրենք այս պահին դեպքի մանրամասներին չեն տիրապետում, քանի որ օրենքով իրենց չի թույլատրվում մասնավոր տարածքում փորձաքննություն անցկացնել։

«Քննիչն արդեն պետք է նշանակի դատատեխնիկական փորձաքննություն եւ կարող է առաջարկեն մեր մասնագետներից մեկին ներգրավվել, սակայն կարող են եւ չդիմել»,- ասաց նա։

Նշենք, որ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը դեպքից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ըստ նախնական կանխավարկածի՝ 5-ամյա փոքրիկը ոչ թե մնացել է վերելակի դռների արանքում, այլ արգելափակվել է երկրորդ եւ երրորդ հարկերի արանքում, ինչի հետեւանքով երեխան վնասվածք է ստացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում հունիսի 4-ին ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 սեփական տան վերելակի դռների արանքում: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները 5-ամյա Լյուսի Բ.-ին դուրս են բերել վերելակից: Վերելակում են գտնվել նաեւ 7-ամյա  Մ. Բ.-ն եւ երեխայի դայակ Ն. Զ.-ն: Լյուսի Բ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ էլ մահացել է:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։