Մոսկվայում այսօր քանդում են Չերկիզովի շուկան:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխանցմամբ, Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են, որ այդպիսի շուկա այլեւս չի լինելու: Տաղավարների ապամոնտաժումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 11-ին: Առաջինն ապամոնտաժվելու են Իզմայլովո տաղավարի կրպակները, սեփականատիրոջ նախաձեռնությամբ:

Մոսկվայի իշխանությունները նաեւ հերքել են երկրորդ Չերկիզովի կառուցման հնարավորությունը՝ Լյուբլինոյի առեւտրի կենտրոնի տարածքում: Առաջիկայում քաղաքում նաեւ ստուգումներ են անցկացվելու եւ եթե հայտնաբերեն օտարերկրացիների համար տաղավարների ավելցուկ, իրավիճակն անմիջապես կկարգավորվի:

Հիշեցնենք, որ Չերկիզովի շուկան ժամանակավորապես փակվել էր հունիսի 29-ին մեծաթիվ խախտումների պատճառով: Շուկայում աշխատում էին մի քանի հազար կովկասցիներ՝ գլխավորապես ադրբեջանցիներ: