Ադրբեջանի ԱԳՆ-ն ծառայողական քննություն է տանում ադրբեջանցի դիվանագետ, ԵՄ-ում Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահ  Արիֆ Մամեդովի կողմից Facebook-ում կատարած գրառման գործով։

Հիշեցնենք, որ Մամեդովը քննադատել էր 15 մարդու կյանք խլած Բաքվի հրդեհի մեղավորներին։ Սակայն իշխանամետ լրատվամիջոցները դա որակեցին որպես գրեթե հակակառավարական դավադրություն եւ հեղափոխության պատրաստություն, գրում է contact.az-ը։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել էր, որ Մամեդովի գրառումը ուսումնասիրվում է։ «Եթե այդ տեղեկությունը հաստատվի, ապա դա դիվանագետին հարիր չէ»,- մեջբերում են Հաջիեւին կառավարական լրատվամիջոցները։

Մամեդովի շուրջ ծագած սկանդալը հերթական անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների համակարգային ճգնաժամը։

«Ադրբեջանում ժամանակակից իրողությունների պայմաններում պետական պաշտոնյաների մասին նման սուր քննադատությունը զարմանք է առաջ բերում։ Տարբեր ոլորտների պաշտոնյաները իշխանությունների մասին չեն կարողանում իրենց կարծիքը հայտնել»,- Turan-ին հայտարարել է «Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրջուլուն։

Իր հերթին Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին կարծում է, որ Մամեդովի շուրջ սկանդալը լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւայի սադրանքն է, քանի որ ժամանակին ԱԳՆ-ն իր լուման է ներդրել Ֆաթուլլաեւայի ձերբակալության համար, ուստի հիմա վերջինս ցանկանում է վրեժ լուծել։