ԱՄՆ-ին մտահոգում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե հայերը, լրագրողներն ու սեռական փոքրամասնությունները խռովության գործակալներն են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Մերի Հարֆը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«ԱՄՆ-ն աջակցում է ազատ արտահայտման իրավունքի պահպանմանը, եւ մենք մտահոգված ենք Թուրքիայում ազատ արտահայտման իրավունքներին իշխանությունների միջամտության դեպքերով»,-ասել է նա:

Դիվանագետն ընդգծել է, որ իրենք  միանշանակ քննադատում են Էրդողանի՝ հայերի, լրագրողների ու սեռական փոքրամասնությունների հասցեին հնչեցրած մեղադրանքները:

«Անկախ լրատվամիջոցները ցանկացած ժողովրդավար հասարակության պարտադիր մասն են, և որպես Թուրքիայի դաշնակից՝ մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում երաշխավորել ժողովրդավարական չափանիշների կիրառումը», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատարը: