Պաշտոնական Բաքուն ավելի է խստացնում Արեւմուտքի հետ հարաբերությունները։ Ադրբեջանը որոշել է փակել Բաքվում ԵԱՀԿ համակարգողի գրասենյակը։ Ինչպես գրում է Turan-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված դիվանագիտական աղբյուրները, համապատասխան նամակը հունիսի 3-ին Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ուղարկվել է Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ։
«Ադրբեջանի կառավարությունը արձանագրում է, որ այլեւս չի տեսնում Բաքվում ԵԱՀԿ նախագծերի համակարգողի գործունեության անհրաժեշտությունը։ Այդ պատճառով Ադրբեջանի կառավարությունը 2015թ. հունիսի 4-ից ուժը կորցրած է համարում 2014թ. սեպտեմբերի 24-ին ստորագրված «Ադրբեջանի կառավարության եւ ԵԱՀԿ-ի միջեւ Բաքվում ԵԱՀԿ նախագծերի համակարգողի մասին հուշագիրը»։ Կառավարությունը ԵԱՀԿ-ին մեկ ամիս ժամանակ է տալիս տեխնիկական հարցերն ավարտին հասցնելու համար»,- ասված է ուղերձում։ Հունիսի 5-ին ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ԵԱՀԿ անդամ երկրներին տեղեկացրել էր պաշտոնական Բաքվի որոշման մասին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կամ մյուս կառույցները դեռեւս ոչ մի մեկնաբանություն չեն արել։
Նշենք, որ 2 տարի առաջ Բաքուն իջեցրել էր իր երկրում ԵԱՀԿ ներկայացուցչության մակարդակը մինչեւ ԵԱՀԿ նախագծերի համակարգողի դեսպանատան աստիճանի։
Ներկայիս կտրուկ քայլը ըստ երեւույթին, Բաքվի արձագանքն է գործող համակարգող Ալեքսիս Շախտատինսկու հետկանչին, որին ԵԱՀԿ-ում մեղադրել էին Ադրբեջանում քաղաքացիական հասարակության խնդիրների անտեսման եւ ղեկավարության հետ շատ ջերմ հարաբերություններ ունենալու մեջ։ Սրանով Բաքուն հասկացնել է տվել, որ չի ուզում իր երկրում ունենալ ԵԱՀԿ իրոք անկախ ներկայացուցիչներ։





























