Փետրվարի 27-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացած զինծառայող, Երեւանի 19-ամյա բնակիչ Ալբերտ Սաֆարյանի մահվան գործով կալանավորված, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանին առաջադրված մեղադրանքներին ավելացել է եւս մեկը՝ ՀՀ ՔՕ 360 հոդվածով , այն է՝ զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից»,- հայտնեցին մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 27-ին, ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգով ստացած մահացու վնասվածքից` ստորին ծնոտի շրջանում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 3 անձ՝ վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գևորգ Ղազարյանը և կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը։
Ժամկետային զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-րդ մասով և 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, իսկ վաշտի ավագին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը:





























