Այն ժամանակ, երբ մի շարք զարգացած երկրներ փորձում են հաղթահարել սղաճը, Եվրասիական տնտեսական միության երկրներում ուղիղ հակառակ խնդիրն է՝ պայքար գնաճի դեմ։ Ապրանքների եւ ծառայությունների թանկացմամբ անխոս ռեկորդակիրը Ռուսաստանն է, մայիսին սպառողական գներն աճել են միջինը 15,7 տոկոս տարեկան կտրվածքով։

Հատկապես տպավորիչ է մթերային գնաճը. Սննդամթերքը թանկացել է միջինը 24,4 տոկոսով, այդ թվում՝ մրգերն ու բանջարեղենը՝ 30 տոկոսով։ Միեւնույն ժամանակ տեղական վերլուծաբանները որպե դրական առաջընթաց նկատում են տարեկան գնաճի որոշակի դանդաղումը մայիսին ապրիլի համեմատ։

Տեսականորեն, Ռուսաստանում բարձր բազային դրույքաչափը (12,5 տոկոս) պետք է նպաստի ազգային արժույթի ամրապնդմանը եւ գնաճի զսպմանը։ Չի բացառվում, որ այդ հատկությունները իրականացվեն, եւ գնաճը բարձր լինի նեկայիս երկնիշից, իսկ ռուբլին ավելի թույլ, քան այժմ ջհունիսի 6-ի դրությամբ, 1 դոլարի համար 56,3 ռուբլի)։ Համեմատության համար. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում թեեւ ցածր է, բայց կրկին երկնիշ է՝ 10,5 տոկոս։

Մեր երկրում գնաճը միանիշ է տարեկան կտրվածքով՝ 5,1 տոկոս։ Ընդ որում, պարենային ապրանքները (առանց ալկոհոլի եւ ծխախոտի) թանկացել են նույն 5,1 տոկոսով։ Զգալի ավելացել են բանջարեղենի եւ կարտոֆիլի գները՝ 10 տոկոս։ Եթե «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ՝ սակագնի վերանայման հայտը ընդունվի, ըստ ամենայնի, գնաճի նոր ալիքի ականատեսը կդառնանք։

Ղազախստանում պարենային ապրանքները թանկացել են տարեկան միջինը 4,7 տոկոս։ Գների կտրուկ աճ է գրանցվել ձավարեղենի (20,3%), ալյուրի (11,4%), սուրճի, թեյի եւ կակաոյի (9,2%), եւ այլնի գծով։ Բայց եղել են եւ բացառություններ։ Օրինակ, զգալի էժանացել է շաքարավազը՝ 7,8%։ Ի դեպ, շաքարավազը մեզ մոտ թանկացել է 2,7 տոկոսով։ Այդ փաստով հերթական անգամ ընդգծվեց «մեր տնտեսությունն ուրիշ է» հայտնի թեզը։

Բելառուսում մայիսյան գնաճի ցուցանիշները հունիսի 5-ի դրությամբ դեռ չէին հրապարակվել։ Սակայն որոշակի պատկերացում կարող է տալ այս տարվա նպատակային կողմնորոշիչը՝ 18 տոկոս՝ պլյուս-մինուս 2 տոկոս։