Աբովյան քաղաքում այսօր՝ հունիսի 7-ին մեկնարկել են քաղաքապետի ընտրությունները։ Ժամը 10․30-ի դրությամբ արդեն քվեարկել են Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Աբովյանում ընդհանուր առմամբ հանգիստ մթնոլորտ է, ընտրատեղամասերի ղեկավարները պնդում են, որ ակտիվություն կա, աբովյանցիներն ակտիվ քվեարկում են։
Հետաքրքրական է, որ այս պահին Աբվյանի սպորտդպրոցի մոտ հավաքված են տաասնյակ երիտասարդ տղաներ՝ իրենց մեքենաներով։
Նշենք, որ Աբովյանում ընտրևոողների թիվը 43 809 է։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Նշված համայնքներից 18-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
ՏԻՄ ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 102 թեկնածու:
Ամենաթեժ ընտրությունները սպասվում են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարո Գուլոյանին մարզպետ նշանակելուց հետո։ Առաջադրվել են Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, որին սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է: Առաջադրվել են նաեւ «Քինգ դե Լյուքսի» սեփականատերը՝ «Պալաչ» մականունով Արթուր Գեղամի Հարությունյանը, ու եւս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան, որը կապ չունի Աբովյան քաղաքի հետ եւ առաջադրվել է «Պալաչին» խանգարելու համար։ Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:





























