Աբովյանի թիվ 28/21 ընտրատեղամասում այսօր՝ հունիսի 7-ին, քիչ առաջ քվեարկեց քաղաքապետի թեկնածու, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:
Թեկնածուն լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է իր օգտին:
«Ընտրություններն արդեն խախտված եմ համարում, այսքան աղմուկից հետո, իհարկե, ոչ մեկը չի համարձակվի սանձարձակություններ անել, բայց հնարավոր են մեղմ խախտումներ դրսում լինեն»,-ասաց նա:
Լրագրողների հարցին, թե թեկնածուն ինչպե՞ս է վերաբերում նրան, որ Առինջի միկրովտուսներով ընտրողներին խումբ-խումբ բերում են ընտրատեղամաս, Կարապետ Իսրայելյանը նշեց, որ դա արդեն ընտրության կարգի խախտում է. «Ես ավելի վաղ ասել եմ, որ իրենք ամեն ինչի ընդունակ են եւ բոլոր մեխանիզմները մտածել են խախտումներ անելու համար: Երեկոյան կիմանամ, թե ով ինչքան է արել այդ խախտումները: Իմ շանսերը մեծ են քաղաքում, երբ ես իմ պաշտոնից հրաժարվեցի, նունիսկ մարդիկ կային, որոնց աչքերին արցունքներ կային: Եթե ես վերընտրվեմ, Ծառուկյանի եւ իր խմբի կլաններից կազատվենք, բոլորին քաղաքից կուղարկենք իրենց գյուղեր»:
Նախկին քաղաքապետը քննադատեց քաղաքապետի թեկնածու, Գագիկ Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ Վահագն Գեւորգյանին եւ ասաց, որ վերջինս ոչինչ չի հասկանում:
«Վահագն Գեւորգյանին բերել են եւ ուզում են քաղաքապետ դարձնել: Մարդ, որն իրենից ոչինչ չի ներկայացնում եւ ոչինչ չի հասկանում»,-ասաց Կարապետ Իսրայելյանը:
Նշենք, որ ամենաթեժ ընտրությունները սպասվում են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարո Գուլոյանին մարզպետ նշանակելուց հետո։ Առաջադրվել են Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, որին սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է: Առաջադրվել են նաեւ «Քինգ դելյուքսի» սեփականատերը՝ «Պալաչ» մականունով Արթուր Գեղամի Հարությունյանը, ու եւս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան, որը կապ չունի Աբովյան քաղաքի հետ եւ առաջադրվել է «Պալաչին» խանգարելու համար։ Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:





























