Աբովյանի քաղաքապետի ընտրություններին տարբեր ընտրախախտումներ են արձանագրվել: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, մի քանի լրագրողների հետ զրույցոքւմ ասաց քաղաքապետի թեկնածու Էդվին Թադեւոսյանը:
«Ընտրատեղամասեր կան, որ ուշ են բացվել, եղել են դեպքեր, որ մահացած մարդիկ են քվեարկել: Ընդհանուր պատկերի մասին նախընտրական շտաբը հայտարարություն կանի»,-ասաց քաղաքապետի թեկնածուն:
Լրագրողների հարցին, թե որ թեկնածուի օգտին են արվում ընտրախախտումները, Էդվին Թադեւոսյանը նշեց, որ բոլորի համար էլ պարզ է այդ հարցի պատասխանը:
«Մրցակցությունն առողջ չէ, բայց մենք կողմնակից ենք առողջ մրցակցության: Իմ շանսերը բարձր եմ գնահատում, կարծում եմ որ խախտումներ ազդեցություն չեն ունենա արդյունքների վրա»,-ասաց նա:
Նշենք, որ ամենաթեժ ընտրությունները սպասվում են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարո Գուլոյանին մարզպետ նշանակելուց հետո։ Առաջադրվել են Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, որին սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է: Առաջադրվել են նաեւ «Քինգ դելյուքսի» սեփականատերը՝ «Պալաչ» մականունով Արթուր Գեղամի Հարությունյանը, ու եւս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան, որը կապ չունի Աբովյան քաղաքի հետ եւ առաջադրվել է «Պալաչին» խանգարելու համար։ Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:





























