Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները վիճում են, թե իրենցից որն է եղել Բաքվում հուլիսի 31-ի ակցիայի կազմակերպիչը:

«Մուսավաթ» եւ «Միություն հանուն ժողովրդավարության» կուսակցությունների ներկայացուցիչները հուլիսի 31-ին կայացած միտինգի կապակցությամբ համատեղ դիմում են պատրաստել Բաքու քաղաքի գործադիր իշխանությանը: Մենք չգիտենք, թե ո՞ւմ եւ երբ են դիմել Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները: Բայց այն, որ նրանք մասնակցել են ակցիաներին, դա փաստ է: Սակայն զանգվածային ակցիայի համատեղ անցկացման նախաձեռնությունը պատկանում է Միությանն ու «Մուսավաթին»,- ասել է Ադրբեջանի դասական ժողովրդական ճակատի նախագահ Միրմահմուդ Միրալիօղլուն, հաղորդում է Trend-ը:

Նշենք, որ երեք ուժերը հուլիսի 31-ին Բաքվի կենտրոնում փորձել են զանգվածային ակցիա անցկացնել: Օգոստոսի 4-ին հրապարակված հայտարարության մեջ նշված էր, թե ակցիան իրագործվել է ԱԺՃԿ-ի եւ «Մուսավաթի» կողմից, իսկ Միության մասին բառ անգամ նշված չէր:

Իր հերթին ԱԺՃԿ-ի փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլին հայտարարել է, թե իրենք եւ «Մուսավաթն» են կազմակերպել բողոքի գործողությունը: