Հունիսի 6-ին, ժամը 08:00-ի սահմաններում դժբախտ պատահար է տեղի ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Քարաթափման հետեւանքով մահացել է կոմբինատի աշխատակից, 54- ամյա Ժորա Ստեփանյանը:
NEWS.am-ի հետ զրույցում ԶՊՄԿ-ից հաստատեցին լուրը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել աշխատակցի կողմից անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով: «Ցավոք, մեր գործընկերը իր կողմից շահագործվող էքսկավատորը զննելու նպատակով այն կայանել է վտանգավոր գոտում, որի հետեւանքով չի ունեցել անհրաժեշտ տեսադաշտ քարաթափումը նկատելու եւ դրանից խուսափելու համար: Կոմբինատի տնօրինությունը դժբախտ դեպքի առաջին իսկ պահից գտնվում է զոհվածի ընտանիքի կողքին՝ վշտակցելով եւ հնարավոր օժանդակություն ցուցաբերելով»,-մեզ հետ զրույցում ասացին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:





























