ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նամակ է հղել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանին` իր շնորհակալությունը հայտնելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպում անկացնելու համար:
«Կենտրոնը հիասքանչ վայր է եւ Հայաստան-ԱՄՆ համագործակցության հրաշալի խորհրդանիշ: Գաֆէսճեան քանդակների պարտեզ եւ Առաջին սրահ կատարած շրջայցը իմ երեւանյան այցելության ամենատպավորիչ պահերից էր»,- ասված է Հիլարի Քլինթոնի նամակում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելել է 2010 թվականի հուլիսի 5-ին: Նրա պատվին ցուցադրության է դրվել Սիդնի Հաթերի ապակե քանդակը: Նույն արվեստագետի նմանատիպ քանդակը ձեռք էր բերվել Քլինթոնների կողմից 1993 Սպիտակ տան հավաքածուի համար: «Սպիտակ տան ծաղկաման» անունով հայտնի քանդակն այժմ Բիլ Քլինթոնի նախագահական գրադարանում է:
Գաֆէսճեան քանդակների պարտեզում եւ Առաջին սրահում շրջայց կատարելուց հետո Հ. Քլինթոնը հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Խանջյան Սրահում:




























