Նոր մանրամասներ են ի հայտ եկել Թուրքիայում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի գործով:

Թուրքական «Սաբահ» թերթի փոխանցմամբ, սպանությունը կազմակերպել է գաղտնի հետախուզության ծառայության «JİTEM» ստորաբաժանումը, որի գոյության փաստը մշտապես հերքվել է պաշտոնյաների կողմից։

"Էրգենեքոնի գործով ընթացող դատավարության շրջանակներում Ստամբուլի Ծանրագույն պատիժների դատարանի կողմից ընդունված N3 մեղադրական եզրակացությունում նշվում է, որ Դինքի սպանությունը կազմակերպել են «JITEM» խումբը, պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը եւ Անվտանգության ուժերի ստորաբաժանումներից մեկը:

Թերթը հրապարակել է պրոֆեսոր Էմին Գյուրսեսի եւ փոխգնդապետ Մուստաֆա Դյոնմեզի հեռախոսազրույցի գաղտնազերծումը, որտեղ նշված է, թե «Դինքի սպանությունը լավ էր, եւ` նախազգուշական»:

«Սաբահ»-ը նաեւ նկատում է, որ վերջին երեք տասնամյակում Թուրքիայում սպանվել են շուրջ 30 գիտնականներ, լրագրողներ, գրողներ, երկու նախարար եւ մեկ վարչապետ, իսկ այդ սպանությունների մի մասը մինչեւ օրս չի բացահայտվել: «Սպանություն պատվիրողները կամ կատարողները տարբեր են, մինչդեռ գործադրվող մեթոդները գրեթե միշտ անփոփոխ են: Մահափորձերի ժամանակ հիմնականում նախապատվությունը տրվել է հրազենին: Տարածված տարբերակներից է նաեւ ավտոմեքենայի մեջ ռումբ տեղադրելու կամ պայթուցիկներով բեռնված բեռնատարը նշանակման վայրում պայթեցնելու գործելաոճը»,- գրում է «Սաբահը»: