Զբոսաշրջության ոլորտում սպառողներն ամենաանպաշտպանն են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը։
Նրա խոսքով, զբոսաշրջության ոլորտում հիմնական բողոքը տուրւստական փաթեթներից է։ Հաճախ այն, ինչ առաջարկվում է տուրիստական փաթեթում, չի համապատասխանում իրականությանը։
Բողոքներ կան Վրաստան եւ, մասնավորապես Քոբուլեթի, մեկնողներից։ Իսկ Հայաստանում հանգստացողները մեծամասամբ բողոքում են, որ վճարում են անհամեմատ ավելին, քան տրամադրվող ծառայությունն է։
«Մենք պետք է կարողանանք հասկացնել մեր տուրիստական արտադրանք ստեղծողներին եւ հյուրանոցային բիզնեսով զբաղվողներին, որ միանգամից հնարավոր չէ հարստանալ, եւ բիզնեսը պետք է աստիճանաբար աճի։ Չի կարելի այնպիսի գներ դնել, որոնք երկրում անընդունելի են, եւ որոնք ստիպում են, որ մեր քաղաքացին գնա Անթալիա հանգստանալու։ Քաղաքացին դա չի անում, քանի որ Անթալիան ավելի հանգիստ տեղ է, պարզապես այնտեղ տրվող ծառայություններն իրենց գնի համեմատ ավելի ընդունելի են, քան Հայաստանում, որտեղ ծառայության որակ չունեն, իսկ գներն էլ միջազգայինից բարձր են»,-հավելում է Եղոյանը։



















