ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է  4 հոգանոց հանձնաժողովի ստեղծման մասին, որը պետք է զբաղվի «Ազատության նավատորմի» միջադեպի հետաքննությամբ:

Հանձնաժողովը կգլխավորեն Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆֆրի Փալմերն ու Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբեն, ով օգոստոսի 7-ին իր աթոռը զիջել է նոր նախագահ Խուան Մանուել Սանթոսին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ իսրայելական եւ թուրքական կողմերից:

«Ազատության նավատորմի» միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 31-ին, երբ մարդասիրական բեռներով նավերը փորձում էին մտնել Գազայի հատված: Հատուկ գործողության ընթացքում սպանվել էին Թուրքիայի 9 քաղաքացիներ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին: Հարյուրավոր մարդկանց բանտարկել, ապա ազատ էին արձակել:

Ավելի վաղ՝ երկուշաբթի Իսրայելը համաձայնվել էր միջազգային հետաքննություն սկսելու հետ: Նախկինում նա մերժում էր նման հետաքննություն անցկացնելու առաջարկը: