Օրենքը թույլ է տալիս հանձնաժողովի անդամների 2/3-ի ներկայության դեպքում շարունակել ավարտական քննությունները, որեւէ խախտում չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ասաց ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Սամսոն Դավոյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ ավարտական քննությունները անցել են առանց հանձնաժողովների նախագահների ներկայության:
Նա նշեց, որ հանձնաժողովի նախագահը Գյումրիի քաղաքապետի խորհրդական է, ով չի եկել քննությանը, քանի որ առաջին օրը նախագահն էր եկել Գյումրի, հաջորդ օրն էլ իրեն էին գործուղել Երեւան: «Ինքը մեզ մոտ անդամ է եղել, այս տարի նախագահ ենք առաջարկել, երբ նախագահը Գյումրի եկավ, դիպլոմների պաշտպանության օրն էր, ասաց՝ օրվա երկրորդ կեսին կգամ, չեկավ, մյուս օրն էլ չեկավ, անհասանելի էր ամբողջ օրը, մի կերպ օրվա երկրորդ կեսին կապվեցինք, ասաց՝ Երեւան են գործուղել, կարեւոր գործեր կան, դե քանի որ հանձնաժողովի անդամների 2/3- ը ներկա էր, շարունակեցինք աշխատանքը: Հետո կանչեցինք, բացատրագիր գրեց, թե ինչու չեկավ, ասաց, եթե ուսանողները համաձայն են իրենց գնահատականների հետ, համարում են դրանք օբյեկտիվ, կարող է ստորագրել: Մյուս նախագահն էլ Երեւանից է՝ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանը, Թոքմաջյանի փեսան, նա մի ամբողջ օր եկավ, մասնակցեց, հաջորդ օրը եկավ, շատ վատ էր զգում իրեն, հետ գնաց, հետո եկավ ստորագրեց: Մենք այդ ամենի վերաբերյալ արձանագրություն ենք կազմել, որեւէ օրենքի խախտում չկա»,-ասաց Սամսոն Դավոյանը:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ օրերս աղմկահարույց դեպք է գրանցվել Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում:
Ըստ մեր տեղեկություններիª ԲՈՒՀ-ի պետական ավարտական քննությունները անցել են առանց հանձնաժողովների նախագահների մասնակցության: Քննությունների արդյունքները բողոքարկող ուսանողները փաստել են, որ տեղի է ունեցել կոպիտ խախտում: Իսկ երբ աղմուկ է բարձրացել, բացակայած նախագահները հետին թվով ստորագրել են «վեդոմոստները» փաստացի թույլ տալով կեղծիք: Բացակայածներից մեկը եղել Գյումրու քաղաքապետարանի աշխատակից, իսկ մյուսը Երեւանից պետք է ժամաներ: Երեւանցի հյուրը, պարզվում է, պոլիտեխնիկի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի փեսան է: Ուսանողները հայտարարել են, որ գնալու են մինչեւ վերջ: Սա նշանակում է, որ Հովհաննես Թոքմաջյանը, իր շուրջ ծավալված աղմկոտ պատմությունները դեռ չավարտված, կարող է նոր գլխացավ ունենալ, այս անգամ արդեն փեսայի պատճառով:





























