Ադրբեջանում սկսել են ձերբակալել օլիգարխների, որոնք սերտ կապեր են ունեցել Ալիեւի ընտանիքի հետ: Իսկ դա նշանակում է, որ նավթային բումն Ադրբեջանում, հնարավոր է, ավարտին է մոտենում: Այս մասին ասված է Մաքս Սեդոնի՝ buzzfeed.com-ում հրապարակված հոդվածում:

Հեղինակը գրում է, որ անցյալ ամիս Ալիեւի հետ կապեր ունեցող Իբրահիմ Իբրահիմովը հարյուրավոր այլ գործարարների հետ, որոնք պարտք են Ադրբեջանի խոշորագույն պետական բանկին, հայտնվեց մի վայրում, որն Ալիեւի կառավարման հոմանիշն է դարձել, այսինքն՝ բանտում: Նավթի արդյունահանման եւ մեկ բարելը 90 դոլարից զգալիորեն ցածր գինը, որն անհրաժեշտ էր բյուջեին, երկրին նոր հանցագործությունների սուր կարիքի առջեւ կանգնեցրին: Ադրբեջանի Կենտրոնական բանկը կտրուկ արժեզրկեց իր արժույթը եւ, Moody's-ի համաձայն, հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ ստիպված կլինի դա կրկին անել:

«Երկիրը, որպես ռուսական նավթի եւ գազի այլընտրանք, իրեն վաճառեց Արեւմուտքին՝ լինելով ՆԱՏՕ-ի եւ Իսրայելի ռազմավարական գործընկեր եւ այնպիսի էքստրավագանտ միջոցառումների կազմակերպիչ, ինչպիսին է Եվրատեսիլ-2012-ը»,- գրում է հեղինակը:

Չնայած տարբերակման մասին ադրբեջանական պաշտոնյաների հավաստիացումներին, երկրի եկամուտը 70%-ով կախված է էներգետիկայից, ինչպես եւ 95%-ով՝ դրա արտահանումից:

Սակայն մարդու իրավունքների հանդեպ բռնաճնշումների ֆոնին գործարարների զանգվածային ձերբակալությունները վստահություն չեն ներշնչում, որ կառավարությունը բարեփոխումների ուղին է ընտրում: Ինչ վերաբերում է Շահ Դենիզ-2 հավակնոտ նախագծին, ապա, հեղինակի կարծիքով, այն դժվար թե հանգեցնի արդյունահանման այնպիսի ծավալների, որոնք կկարողանան հասնել գազի եվրոպական շուկայում Ռուսաստանի ապահոված ծավալներին:

Սեդոնը նշում է, որ նավթի գների անկումը զգալի արդյունք ունեցավ: Բաքվի կենտրոնի էլիտար թաղամասերում բազմաթիվ խանութներ վարձով են տրվում, իսկ Ռուսաստանում աշխատող ադրբեջանցի միգրանտների դրամական փոխանցումների ծավալները զգալիորեն կրճատվել են:

Կառավարությունը ձգտում է զարգացնել այլ ոլորտները, օրինակ՝ տուրիզմը, բայց այնքան էլ լավ չի ստացվում, նաեւ այն պատճառով, որ մինչեւ հիմա չի չեղարկվել արեւմտյան երկրների համար մուտքի վիզան: «Այս շաբաթ Ալիեւի զարմիկին պատկանող ադրբեջանական հեռուստաալիքում ակնհայտորեն ադրբեջանցի տղամարդը ներկայացավ որպես «Ջեյմս Բոնդ»՝ նշելով, որ Լոնդոնից զբոսաշրջիկ է: Կոտրտված անգլերենով նա գովաբանում էր Բաքուն»,- գրում է հեղինակը:

Արեւմտյան դիվանագետների եւ տեղի ընդդիմադիրների խոսքով, Եվրոպական խաղերն արդեն տարբեր հարկերի եւ տուգանքների տեսքով անդրադառնում են շարքային ադրբեջանցիների գրպանների վրա:

Ընդդիմադիր տնտեսագետ Նատիկ Ջաֆարլիի խոսքով, Ալիեւները ստիպված են որոշում կայացնել. պահպանել Ադրբեջանի տնտեսական մոդելը՝ իշխանության մնալու համար, թե՞ արմատախիլ անել կոռուպցիան եւ անհավասարությունը՝ մարդկանց երջանիկ դարձնելու համար: