Վերջին ժամանակներս Վրաստանը շատ քիչ բան էր ստանում ԱՊՀ-ի անդամակցությունից, եւ ներկայությունը Միությունում նրա համար գործնականում իմաստազրկվել էր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Վրաստանի «Հասարակական ծրագրերի կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության վարչության նախագահ, էկոնոմիկայի հարցերի փորձագետ Գիա Խուխաշվիլին՝ մեկնաբանելով Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) Վրաստանի դուրս գալը։

Ըստ Խուխաշվիլու, ԱՊՀ-ի շրջանակներում ստորագրված բոլոր պայմանագրերը կարելի էր ձեռք բերել այդ կազմակերպության շրջանակներից դուրս միեւնույն գործընկերների հետ միջպետական երկկողմ համաձայնագրերի կնքման ճանապարհով։ «ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալը բնական գործընթաց է: Քաղաքական նման իրավիճակում Միությունում նրա հետագա ներկայությունը դարձել էր անիմաստ»,- հայտարարել է վրաց փորձագետը։

Խուխաշվիլու կարծիքով, ներկայիս ձեւաչափով ԱՊՀ-ն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից ինտեգրման անհրաժեշտ աստիճան չի տրամադրում մասնակից-երկրներին. «Առայժմ ԱՊՀ-ն ոչ մեկին ոչ մի առանձնահատուկ բան չի տվել»։ Այն հարցին, թե պետք է արդյո՞ք Հայաստանին դուրս գալ ԱՊՀ-ից՝ հետեւելով Վրաստանի օրինակին, քաղաքագետը պատասխանել է, որ առանձնահատուկ իմաստ չի տեսնում ԱՊՀ-ին Հայաստանի հետագա անդամության մեջ, սակայն՝ հասկանալով Հայաստանի իրավիճակի ողջ բարդությունը, առայժմ «նման հապճապ որոշում կայացնելու խորհուրդ չի տալիս»։