ՀՀ կառավարության ծրագրով եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից ամառային հանգիստի են մեկնել մարզաառողջարանային ճամբարներ:
Առավոտյան երեխաներին վարչական շրջանների աշխատակազմերի հարակից տարածքներից ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, իսկ Շենգավիթ եւ Կենտրոն վարչական շրջաններում, նաեւ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ու սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Վերջիններս նշել են, որ երեխաները գտնվելու են մշտական ուշադրության եւ հոգածության ներքո եւ վստահեցրել, որ ամեն ինչ արվել է երեխաների հագեցած ու բովանդակալից հանգիստն ապահովելու համար:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար կայցելեն հանգստացող երեխաներին, տեղերում կծանոթանան նրանց առօրյային: Առաջին հերթափոխով մինչեւ հուլիսի 8-ը ճամբարներում կհանգստանա 425 երեխա: Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը կապահովվի Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ոստիկանության համագործակցությամբ:





























