ԵՊՀ ռեկտորի պաշտոնում վերընտրված Արամ Սիմոնյանը պնդում է, որ մինչև ԵՊՀ ռեկտորի պաշտոնում լինելը ավելի շատ հարստություն է ունեցել, քան հիմա ունի: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ Սիմոնյանը՝  հավելելով, որ այժմ ընտանիքի հետ ապրում է իր հորից ժառանգություն ստացած փոքր բնակարանում:

 «Ուրիշի ունեցվածքը հաշվելը տգեղ բան է:  Ես Կարբիում տատիկիցս ժառանգություն ստացած մեծ առանձնատուն եմ ունեցել, որը վաճառել և ձեռք եմ բերել առանձնատուն Դիլիջանում, և ամառն անցկացնում են այդ տանը, ոչ թե ուրիշների նման Թուրքիայում: Հիմա Բլուր թաղամասում եմ կառուցում տուն, դեռ նախնական փուլում է: Այն կառուցում եմ այն հողակտորում, որը քաղաքապետարանից եմ գնել 15 տարի առաջ: Ես ռեկտոր եմ, հո բոմժի նման ստվարաթղթային կառոբկայի մեջ չե՞մ ապրելու: Նորմալ մեքենա էլ չունեմ, մի հատ կոզլիկ մեքենա ունեմ, որով սարուձոր եմ գնում»,-ասաց նա։