Վրաստանի ընդգրկվելը ԱՊՀ-ում ոչ թե քաղաքական ընտրություն էր (թեկուզ նույնիսկ վատ), այլ այն գինը, որը Շևարդնաձեն Մոսկվային վճարեց իր իշխանությունը պահելու համար։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Վրաստանի ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը՝ հայտնի քաղաքագետ Իվլիան Խաինդրավան՝ մեկնաբանելով Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմից Վրաստանի դուրս գալը։
«Այն ամենն, ինչը ստացել է Վրաստանը (և նրա քաղաքացիները) ԱՊՀ-ում գտնվելիս, կարելի էր ձեռք բերել այդ կազմակերպության շրջանակներից դուրս միևնույն գործընկերների հետ երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի կնքման ճանապարհով»,- հայտարարել է Խաինդրավան՝ հիշեցնելով, որ ԱՊՀ շրջանակներում ստորագրված բազմաթիվ պայմանագրեր կմնան ուժի մեջ, «ինչը, նվազագույնը, վկայում է այն մասին, որ պարտադիր չէ անդամակցել ԱՊՀ-ին փոխշահավետ կապերի զարգացման համար»։
Միաժամանակ, ըստ Խաինդրավայի, ԱՊՀ-ին անդամակցելը չպաշտպանեց Վրաստանին «ոչ Ռուսաստանի կողմից առևտրային արգելքից, ոչ էթնիկ վրացիներին Ռուսաստանից արտաքսելուց, ոչ էլ, ի վերջո, Ռուսաստանի ներխուժումից (այլ մանրուքներ կարիք չկա թվարկել)»։
Քաղաքագետի կարծիքով, ԱՊՀ-ից Վրաստանը պետք է դուրս գար եվրոատլանտյան կառույցներին մերձենալու ձևաչափում, որոնց հետ, ըստ նրա, ԱՊՀ-ն անհամատեղելի է, եւ այդ քայլը չպետք է դիտվի «որպես անօգնական ու մանկամիտ հակազդեցություն 2008-ի օգոստոսին»։
«Չէ որ ոչ մեկի մտքով անգամ չի անցնի հարցնելու, թե ի՞նչ կորցրին մերձբալթյան երկրները ԱՊՀ չընդունվելուց։ Բայց դրա փոխարեն ստույգ հայտնի է, թե նրանք ինչ ձեռք բերեցին. անդամություն ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին»,- հավելել է Խաինդրավան։
Քաղաքագետը հիշեցրել է նաև Վրաստանի ԱՊՀ կազմում ընդգրկվելու նախապատմությունը՝ նշելով, որ դեռևս 80-90-ականների սահմանագծին շրջանառվում էր «բալթյան երկրներն ու Վրաստանը» ձևակերպումը, որը հետագայում վերափոխվեց «ԱՊՀ երկրներ ու Վրաստան» ձևակերպման, ինչից հետո էլ Վրաստանը վերջնականապես դարձավ ԱՊՀ անդամ։
«Այդ վերափոխումը օբյեկտիվորեն է արտացոլում նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետությունների կողմից իրական անկախության ձեռք բերման գործընթացը. այն ժամանակ, երբ մերձբալթյան երկրները Արևելքից Արևմուտք էին գնում համակարգված ու հաջող կերպով, Վրաստանը (և ողջ Հարավային Կովկասը) հայտնվեց էթնոքաղաքական հակամարտությունների ու քաղաքացիական հակամարտություննեի հորձանուտում։ ԱՊՀ կազմում ընդգրկվելու որոշումը Ռուսաստանի օգնությամբ սկզբում Աբխազիան պահպանելու (չհաջողված), իսկ այնուհետև էլ Գամսախուրդիայի կողմնակիցների ապստամբության պայմաններում իշխանությունը պահելու (ինչն էլ նրան հաջողվեց) Շեւարդնաձեի փորձն էր»,- նշել է վրաց փորձագետը։
Ըստ Խաինդրավայի, ԱՊՀ-ն մի կազմակերպություն է, որտեղ ոչ միայն որպես ակնհայտ առաջնորդ, այլև որպես բացահայտ գերիշխող է հանդես գալիս Ռուսաստանի Դաշնությունը. «Եթե որևէ մեկին կամ ինչ-որ ժամանակով ձեռք է տալիս գործերի նման վիճակը, ապա ԱՊՀ-ն էլ մեծ կամ փոքր կազմով՝ կպահպանվի։ Իսկ ընդհանուր առմամբ, կազմակերպության մասնակից-երկրներից մեկի գերիշխանությունն ապահովող ձևաչափը հակասում է եվրոպական կատարելատիպերին ու սկզբունքներին։ Համապատասխանաբար, այն պետությունները, որոնց համար եվրոպական ընտրությունը քաղաքականության էությունն է, այլ ոչ թե ճարտասանություն, անշեղորեն հեռանալու են ԱՊՀ-ից», եզրափակել է Խաինդրավան։




























