Հայաստանը նավթամթերքի մեծ մասը ստանում է Ռուսաստանից եւ Եվրոպայից, մասնավորապես Ռումինիայից։ Այս մասին Երեւանում հունիսի 20-ին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 89-րդ ֆորումի 3-րդ օրը, հայտարարեց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը մեծապես կախված է էներգիայի առաջնային աղբյուրներից։ «Ջրային պաշարների անբավարարության դեպքում բնական գազից կախվածությունը 35 տոկոսից դառնում է 40 տոկոս։ Բարձր է նաեւ նավթամթերքներից ունեցած կախվածությունը»,- նշեց փոխնախարարը։
Անդրադառնալով հարցին, թե ով է ֆինանսավորում երկրի էներգետիկ ոլորտը՝ Արեգ Գալստյանը ընդգծեց, որ ոլորտը զարգանում է միայն մասնավոր ֆինանսավորման միջոցով եւ կարգավորվում է հիմնականում օրենսդրությամբ։ «2014թ. մենք էներգիայի վերականգնման համար լրացուցիչ առավելություններ ստեղծեցինք։ Կառավարությունը փորձում է մասնավոր ձեռնարկությունների համար ավելի էժան ֆինանսավորման աղբյուրներ գտնել։ Այդ պատճառով մենք ներգրավել ենք Կենտրոնական բանկը, Ֆինանսների նախարարությունը եւ որպես սուբսիադավորող մարմին՝ մասնավոր սեկտորի համար ֆոնդ ենք ստեղծել»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ առաջիկա տարում Հայաստանում մրցույթ կընթանա եւ կընտրվի արեւային էներգիայի ոլորտում ծրագրեր իրականացնող մասնավոր ընկերությունը։


























