Գյումրու «Մոր ու մանկան» կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում անցած տարվա մայիսին 3-րդ երեխայի ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի ու երեխայի մահվան գործով նշանակվել է հանձնաժողովային փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ նշանակված փորձաքննությունների եզրակացությունների հետ Պապանյանի ամուսինը համաձայն չի եղել, այդ պատճառով առողջապահության նախարարության հետ համատեղ ստեղծվել է հանձնաժողով, որն էլ նոր փորձաքննություն է նշանակել:
Նշենք, որ քրգործը հարուցվել է ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։
Հիշեցնենք, որ Կարինե Պապանյանը մահացել է 2014թ. մայիսի 28-ին: Կարինեի սկեսուրը՝ Էվելինա Մինասյանը, որը ներկա էր եղել հարսի ծննդաբերությանը, պնդում է, որ բժիշկները մահանալու պահին հարսի կողքին չեն եղել, եւ չնայած իրենց պնդումներին՝ հրաժարվել են կեսարյան հատում անել։ Բժիշկները վստահեցնում են, որ Կարինեի մոտ ծննդաբերության պահին ախտորոշվել է պտղաջրային էմբոլիա, ինչի դեպքում նրա կյանքը փրկել հնարավոր չէր։





























