Բաղրամյան պողոտայի սկզբնամասում արդեն 3 ժամ շարունակվող հոսանքի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով հավաքված քաղաքացիների նստացույցի մասնակիցների թիվը գնալով ավելանում է:  Ակցիայի կազմակերպիչներից Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ նստացույցին արդեն միացել են Գյումրիից, մեքենաներով գալիս են նաեւ Սեւանից:  (ֆոտոռեպորտաժ)

«Մեզ տեղեկություն է հասել նաեւ, որ փակ է Երեւան- Թբիլիսի ճանապարհը եւ, կարծես, այդ տեղեկատվությունը հաստատվում է, բայց հայտնի չէ, թե որ մասում է փակ»,-նշեց նա:

Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ իրենք մնալու են այնքան, մինչեւ չեղյալ համարվի էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը:

Այս պահին քաղաքացիները շարունակում են իրենց նստացույցը:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում հազարավոր ցուցարարների դիմաց մի քանի շարքով պատ են կազմել ոստիկանները, Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ կան, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am